Հոսանքի 20 տոկոս թանկացումը չի կարող ՓՄՁ-ների փակման պատճառ լինել: Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ «ՄԱՊ»-ի Ալիկը:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը սուբսիդավորում է այն չափով, որքան կարողանում է:

«Հանրապետության նախագահն ու կառավարությունը սուբսիդավորում են այնքան, ինչքան թույլ են տալիս ֆինանսական միջոցները: Ինքս, երկար տարիներ լինելով արդյունաբերության մեջ, կարծում եմ, որ քսան տոկոս թանկացումը չի կարող փակման պատճառ լինել»,- ասաց նա:

Գործարարի խոսքով՝ թանկացումներ լինում են ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում էլ պետք է այս հարցը լուծել աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացման միջոցով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ավելացված 6.93 դրամը կսուբսիդավորվի արտաբյուջետային միջոցներից՝ «Որոտան» կասկադի վաճառքից ստացված գումարից: Նախաձեռնությանը վրդովեցրել է, որ չնայած նախագահը հայտարարել էր, որ ամբողջ բեռը պետությունը կվերցնի իր վրա, բայց վարչապետը հայտարարել էր, որ սուբսիդավորում կտրամադրի միայն քաղաքացիներին եւ մինչեւ 500 կվտ էներգիա ծախսող ՓՄՁ-ներին։ Նախաձեռնության անդամներն իրենց խաբված են զգում։