Սահմանադրական փոփոխությունների նախագիծը իրականում ոչ թե փոփոխված, այլ  Սահմանադրության ամբողջովին նոր նախագիծ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողներին ասաց իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Փոփոխություն չկա, նոր Սահմանադրություն է նոր պետության համար, հարցն այն է՝արդյոք մեզ պետք է նոր պետություն: Նախագահը չի ունենալու լիազորությունը, որ ունի, կուսակցություն է լինելու, որի ղեկավարը միշտ լինելու է թագավոր: Ինքը միշտ մնալու է, իրենց հետո գալու է իր տղան, հետո իր թոռը, թագավորությունը ժառանգելու են»,- ասաց իրավաբանը՝ նշելով, որ նախարարների եւ տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում նույնպես կառավարումը կփոխանցվի  ժառանգականորեն:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ նոր սահմանադրության պարագայում անհնար կլինի սահմանադրական ճանապարհով որեւէ փոփոխության հասնել, երկրի կառավարման մեջ հասարակության դերը կքչանա:

Ըստ նրա՝ այն այնպես է կազմված, որ ղեկավար մարմինները կարողանան խուսափել որեւէ պատասխանատվությունից: 

«Եթե պետությունը իրականացներ իր պարտականությունները,  որ գործող սահամադրությամբ վերցրել է, Գերմանիայից լավ պետություն կլիներ Հայաստանը: Բայց նորով իրենք  այնպիսի լծակներ են թողել, որ հետո հնարավոր լինի խուսափել պատասխանատվությունից, պարտականություն չեն վերցնում,  ասում են՝ լավ կլինի, եթե սենց լինի»,- ասաց փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախագիծը կազմողները դիտավորյալ են որոշ վրիպակներ թողել, որպեսզի հետո դրանք ձեւականորեն փոխեն: