Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հնարավոր է` նախագծի անցումային դրույթներում ամրագրի կառավարության հրաժարականի դրույթը։Այս մասին այսօր` սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը` պատասխանելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցադրմանը:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ 2018թ. համար նախատեսված չէ` ՀՀ նոր նախագահի անուղղակի կարգով ընտրության դեպքում ի՞նչ է լինում այն կառավարության հետ, որը ձևավորվել է 2017թ. խորհրդարանակն ընտրության արդյունքներով ու նշանակվել նախագահի կողմից:

«2018-ին գործող նախագահի լիազորությունների ավարտով պայմանավորված կառավարությունը չպե՞տք է հրաժարական տա, որ ձևավորվի սահմանադրական նոր կարգին համապատասխան կառավարություն»,-Վարդան Պողոսյանին հարցրեց Արծվիկ Մինասյանը:

Ի պատասխան Վարդան Պողոսյանը նշեց, որ տրամաբանական կլինի ամրագրել կառավարության հրաժարականի դրույթը, քանի որ նախագահի լիազորությունների ավարտից հետո սահմանադրական փոփոխությունները պետք է ամբողջ ծավալով ուժի մեջ մտնեն:

«Տրամաբանական կլինի, որ կառավարության ձևավորումն իրականացվի առաջարկված սահմանադրության նախածով սահմանված կարգով: Հարցը, կարծում եմ, քննարկման  առարկա կդառնա սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից»,-  ասաց Վարդան Պողոսյանը: