Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տալիս փախստականներին հատել հունաստանի հետ ցամաքային սահմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Էդիրնեի նահանգապետ Դուրսուն Ալի Շահինը՝ NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նախօրեին ավելի քան երեք հազար փախստականներ, որոնք ցանկանում են հասնել Եվրոպա, հավաքվել են Ստամբուլի Բայրամփաշա ավտոկայանում: Նրանք ուղեւորվում են Հունաստանի հետ սահմանակից Էդիրնե նահանգ: Հարյուրավոր փախստականներ արդեն գտնվում են թուրք-հունական սահմանին, նրանցից շատերը այնտեղ են հասել պատահական մեքենաներով կամ նույնիսկ ոտքով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Նախորդ տարի 25 հազար փախստականներ ժամանել են Էդիրնե, բայց այս տարի այդ ցուցանիշն անհամեմատ մեծ է: Փախստականների 80 տոկոսը սիրիացիներ են, մնացածը՝ աֆղաններ, իրաքցիներ, հորդանանցիներ եւ այլն: ԵՄ շատ երկրները փակել են իրենց սահմանները փախստականների համար: Ու հիմա մենք թույլ չենք տալիս նրանց հատել Հունաստանի հետ սահմանը: ՆՐանց համար լավագույն ելքն այստեղ մնալն է: Նրանք կուղարկվեն փախստականների ճամբարներ Շանլըուրֆայում, Մարդինում, Քահրամանմարաշում»,-հայտարարել է նահանգապետը:
Նրա խոսքով, Թուրքիայի իշխանությունները փախստականներին ապահովում են ծածկոցներով, լուծում նրանց կենցաղային խնդիրները, սակայն նման վիճակը չի կարող երկար շարունակվել, նշել է Շահինը:
«Նախորդ շաբաթ մենք 7,5 հազար փախստականների համոզել ենք վերադառնալ Ստամբուլ: Փախստականները չեն կարող այստեղ մնալ: Հնարավոր է, եւս 2-3 օր կլինեն այստեղ, բայց հետո պետք է հեռանան: Նորից կհամոզենք, ուժով քշել չենք ուզում»,-հավելել է նա:




























