Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է ստեղծել նախաձեռնող խումբ եւ մեկամսյա ժամկետում քննարկել եւ միասնական վերջնական դիրքորոշում ներկայացնել կոնյակագործների երկու միությունների միավորման նպատակահարմարության վերաբերյալ: Այս մասին նախարարը նշել է այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երեւանի կոնյակի գործարանում Հայաստանի կոնյակագործների միության ընդլայնված նիստի ժամանակ:
«Մեր այսօրվա նիստի հիմնական նպատակը երկու միությունների միջեւ համագործակցության եզրեր գտնելն ու աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն է», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով` երկու միությունների առանձին գործունեությունը մեծ արդյունավետություն չի ապահովում եւ պետություն-մասնավոր հատված համագործակցությունն ավելի սերտացնելու համար նման ձեւաչափով քննարկումները կարող են շատ օգտակար լինել: Սերգո Կարապետյանը հավելել է, որ տարիներ շարունակ այս ոլորտում բազում հարցեր են կուտակվել, որոնք լուծում են պահանջում եւ պետք է ամեն ինչ անել առաջիկայում այդ խնդիրներին լուծումներ տալու համար:
Նիստի օրակարգում էին նաեւ որակյալ կոնյակի արտադրության եւ արտահանման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ մթերվող խաղողի որակի նկատմամբ հսկողության սահմանման մեխանիզմները: Խնդրի շուրջ զեկույցով հանդես է եկել Հայաստանի կոնյակագործների միության նախագահ Արա Գրիգորյանը: Զեկույցում կարեւորվել է տեղական արտադրանքի որակի բարձրացումը, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի հայկական կոնյակի արտահանման ծավալների ավելացման համար:
Արա Գրիգորյանը նաեւ կարեւորել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ նման համատեղ նիստերի իրականացումը, ինչը թույլ է տալիս բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները։




























