Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլյան առաջարկել է հրաժարվել աշխատակիցներին արձակուրդային վճարումներ կատարելուց կամ աշխատանքային օրը ավելացնել 20 րոպեով։ Այս մասին նա հայտարարել է ազգաբնակչությանն ուղղած հեռուստաուղերձում։
Վարչապետը որոշել է դիմել նման քայլի Ֆինլանդիայում ստեղծված ծանր տնտեսական վիճակի պատճառով, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Ես եւս մեկ անգամ դիմում եմ աշխատաշուկայի կազմակերպություններին, որպեսզի նրանք այլընտրանք առաջարկեն աշխատանքի ծախսերի կրճատման միջոցառումների փաթեթի համար։ Կառավարության առաջարկած միջոցները հնարավոր կլինի փոխարինել օրինակ աշխատանքային օրը 20 րոպեով երկարաձգելով կամ արձակուրդային գումարներից հրաժարվելով»,- հայտարարել է Սիպիլյան։
Արհմիություններն արդեն պատրաստվում են բողոքել այդ որոշման դեմ եւ գործադուլ կազմակերպել։




























