Հունգարիայի վարչապետ Վիկտոր օրբանը իր խորվաթ գործընկերոջը Զորան Միլանովիչին նախազգուշացրել է, որ Հունգարիան սկսել է պատ կառուցել այդ երկրի հետ սահմանին, նման հայտարարություն է արել Օրբանը, ելույթ ունենալով հունգարական М1 հեռուստաալիքի եթերում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սեպտեմբերի 15-ին Հունգարիան ավարտել է 170 կիլոմետրանոց պատի շինարարությունը Սերբիայի հետ սահմանին, որից հետո որոշել է երկարացնել այդ պատը դեպի արեւելք՝ դեպի Ռումինիայի հետ սահման, եւ դեպի արեւմուտք ՝ Խորվաթիայի հետ սահման: Չորեքշաբթի օրը Ռումինիայի հետ սահմանին հունգարական կողմը հետազոտական աշխատանքներ է սկսել ՝ ապագա պատի կառուցման համար:

2015 թ. սկզբից եվրամիության տարածք է ժամանել մոտավորապես 500 հազար միգրանտ, յուրաքանչյուր օր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նոր եկածներով: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ սա աշխարհի խոշորագույն միգրացիոն ճգնաժամն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից հետո: