Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է Տոկիոյում հավաքական ինքնապաշտպանության իրավունքի մասին օրինագծի դեմ բողոքող 11 ցուցարարի։ NHK հեռուստաընկերության տվյալներով՝ ձերբակալվածներին մեղադրում են իրավապահ մարմինների աշխատանքը խոչընդոտելու մեջ։

Վաղ առավոտից հորդառատ անձրեւի տակ Ճապոնիայի կառավարության դիմաց հազարավոր մարդիկ են հավաքվել։ Ցուցարարներից շատերը պատերազմ թույլ չտալու մասին կարգախոսներ են վանկարկում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

2015թ. մայիսին Ճապոնիայի կառավարությունը արտահերթ նիստում հաստատել էր օրինագիծը, որի համաձայն՝ ինքնապաշտպանական ուժերը այսուհետ հնարավոր կլինի օգտագործել ավելի լայն մասշտաբներով, այդ թվում՝ երկրի սահմաններից դուրս։  Օրինագծի փաթեթն արդեն հաստատվել է խորհրդարանի ստորին պալատի կողմից եւ դրվել է վերին պալատի քննարկմանը։