ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ԱՄՆ գյուղդեպարտամենտի հետ կհամագործակցի գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագրի, բրուցելոզի դեմ պայքարի ու հիվանդության կանխարգելման ոլորտներում: Այս մասին նշվել է սեպտեմբերի 16-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի եւ ԱՄՆ գյուղդեպարտամենտի կենդանիների եւ բույսերի առողջության տեսչության պատվիրակության անդամների հանդիպման ժամանակ:
Ողջունելով հյուրերին՝ Արմեն Հայրապետյանը բարձր եւ օգտակար է գնահատել ԱՄՆ գյուղդեպարտամենտի տեսչության փորձը կենդանիների առողջության ու բույսերի պաշտպանության ոլորտում եւ հույս հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի համագործակցել որոշ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձ եղավ ներմուծման դեպքում ներկայացվող անասնաբուժական պահանջներին ու կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի եւ լրացակերերի դեպքում սերտիֆիկացման պայմաններին: Հանդիպմանը ներկա՝ Ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը մանրամասնել է գործող ընթացակարգերը՝ անդրադառնալով թե երկկողմ համաձայնագրերով սահմանված, թե ԵՏՄ շրջանակներում գործող նորմերին:




























