Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն աշխատանքներ է տանում «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ուղղությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության նիստից հետո հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ հավելելով, որ «Նաիրիտի» վերագործարկման համար ներդրողներ են հարկավոր:
Այսօր կառավարության դիմաց հավաքվել էին «Նաիրիտի» մի քանի տասնյակ աշխատակիցներ եւ պահանջում էին գործարանի վերագործարկում: Լրագրողների հետ զրույցում գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ իրենք այստեղ են վարչապետի կամ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին հանդիպելու համար:
«Շարունակելու ենք փողոցային պայքարը գործարանի վերագործարկման համար, ինչպես որ աշխատավարձերի համար էինք պայքարում: Գործարանի սառեցված վիճակն այլեւս չենք կարող հանդուրժել, որովհետեւ ինչքան ժամանակ է անցնում, այնքան անհնարին է դառնում վերագործարկումը»,-ասաց նա:
Նշենք, որ Կառավարությունը փոխանցել է բոլոր նաիրիտցիների աշխատավարձային պարտքերը:
Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցների աշխատավարձը հատկացնում է պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին: Ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:




























