Նախօրեին Երեւանի Գայի պողոտայում տեղի ունեցած վթարի հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 24-ամյա Արամ Օսիպյանի եւ 20-ամյա Հայկ Օսիպյանի վիճակի կայունացում է նկատվում, սակայն ծանրությունը դեռ պահպանվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր ավտովթարից տուժածները կտեղափոխվեն Վնասվածքաբանության բաժանմունք:
«Ինքնազգացողությունների բարելավման դինամիկան դրական է, վիճակների կայունացում ունենք, բայց դեռ ծանր վիճակում են: Պլանավորում ենք մոտակա ժամերին հիվանդներին տեղափոխել Վնասվածքաբանության բաժանմունք»,-ասաց Սամվել Կարապետյանը:
Նշենք, որ Օսիպյանները ոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ ունեն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 00.44-ին Երեւանի Գայի պողոտայում` «Հայաթ» մոթելի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:
«Նիսսան Ֆուգա» մակնիշի 34 CU 446 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է սյանը եւ այրվում է: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 24-ամյա Արամ Օսիպյանին եւ 20-ամյա Հայկ Օսիպյանին, որոնք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:




























