«Նաիրիտ» գործարանի նախկին 10 աշխատակից մինչեւ այսօր աշխատավարձ չի ստացել՝ պայմանագիրը չստորագրելու պատճառով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, NEWS.am-ին ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակից:
Նա նշեց, որ պայմանագիրը, որը իրենք ստորագրել են ստորացուցիչ է եղել, քանի որ ըստ պայմանագրի նաիրիտցիները իրավունք չունեն պահանջելու իրենց չվճարված աշխատավարձերի տույժ ու տուգանքները:
«Աշխատանքի ընդունվելուց մենք պայմանագիր ենք ստորագրել, որ ամեն ամսվա 15-ին մեր աշխատավարձերը փոխանցվի, սայկայն գիտենք, որ բավականին երկար ժամանակ է՝ չի փոխանցվել մեր ախատավարձերը եւ այդ տույժ ու տուգանքները բավականին մեծ գումար է կազմում, այդ պատճառով էլ որոշ նաիրիտցիներ փող չունենալու պատճառով ստիպված պայմանագրերը կնքել են, իսկ այդ 10 հոգին չստորագրեցին»,-ասաց նա:
Նշենք, որ նաիրիտցիները ամեն հինգշաբթի հավաքվելու են Կառավարության դիմաց՝ պահանջելու գործարանի վերագործարկում:
Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցների աշխատավարձը հատկացնում է պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին: Ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից:
Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:




























