Մենք մշտապես գնահատելու ենք ՀՀ-ում հակակոռուպցիոն խորհրդի հետ մեր համագործակցությունը, եւ եթե ժամանակի ընթացքում չտեսնենք կոռուպցիայի դեմ պայքարի այն նվիրվածությունը եւ այն գործողությունները, որոնց մասին խոսում են ՀՀ վարչապետն ու խորհրդի մյուս անդամները, մենք կվերանայենք մեր հարաբերությունները խորհրդի հետ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Դիտարկմանը, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նշում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ստեղծած հակակոռուպցիոն խորհրդի կազմում են նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կան, օրինակ՝ ֆինանսների նախարարը, որոնք հայաստանում հենց կոռուպցիայի աղբյուր են, դեսպանն արձագանքել է. «Մենք հակակոռուպցիոն խորհրդի անդամներին ինչ-որ գումարներ չենք տալիս: Եվ, իհարկե, ես հասկանում եմ, թե ինչու են մարդիկ որոշակի վերապահումներով մոտենում այս խորհրդին, կամ առհասարակ՝ կառավարության ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին: Սակայն պետք է ասեմ, որ ԱՄՆ կառավարությունը, դեսպանատունը, դիտարկում են այս խորհուրդը որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք, որպես հարցը լուծելու հանձնառություն, որը Հայաստանի իշխանությունները ստանձնել են հրապարակայնորեն:

Ես պատրաստ եմ աշխատելու Հայաստանի կառավարության ցանկացած ինստիտուտի հետ, որը ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ: Այնպես որ, մենք աշխատելու ենք այս խորհրդի հետ, սակայն, ինչպես արդեն ասացի, մենք ակնկալում ենք գործողություններ, միայն խոսքերը բավարար չեն: Մենք մշտապես գնահատելու ենք խորհրդի հետ մեր համագործակցությունը, եւ եթե ժամանակի ընթացքում չտեսնենք կոռուպցիայի դեմ պայքարի այն նվիրվածությունը եւ այն գործողությունները, որոնց մասին խոսում են վարչապետն ու խորհրդի մյուս անդամները, մենք կվերանայենք մեր հարաբերությունները խորհրդի հետ»:

Հարցին, թե այդ խորհրդի գործունեությունը կարո՞ղ է ազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, օրինակ՝ եթե խորհուրդը չծառայի նպատակին կամ տապալվի, Միլսը պատասխանել է. «Ես չեմ ուզում ենթադրել, որ նրանք կտապալվեն, քանի որ չեմ կարծում, որ այդպիսի բան կլինի: Սակայն, կարծում եմ, որ եթե մենք չկարողանանք լուծել կոռուպցիայի խնդիրը, որը լուրջ խնդիր է այս երկրում եւ մեծ դեր ունի Հայաստանի ամենօրյա կյանքում, դա մեծապես կազդի մեր հարաբերությունների վրա շատ կոնկրետ ոլորտներում: Օրինակ՝ ներդրումների: Ես մեծ ջանքեր եմ գործադրում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրային հարաբերությունները, ներդրումները խրախուսելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ հիմա ժամանակն է կենտրոնանալու դրա վրա: Սակայն ամերիկյան ներդրումներ հրապուրելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում, որտեղ անարդար մրցակցություն չկա, պետական ծառայությունները հավասարապես հասանելի են բոլորին: Եվ եթե հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այս խնդիրները, կարծում եմ դա կվնասի այստեղ ներդրումներ կատարելու հնարավորությունները:

Մենք վերջերս մեծ հաջողություն արձանագրեցինք, խոսքը Որոտանի կասկադի վաճառքի մասին է ամերիկյան մի ընկերության»: