Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) փլուզումը Ռուսաստանի ղեկավարության ապաշնորհ քաղաքականության արդյունք է։ Օգոստոսի 20-ին «Էխո» թերթի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն։ «Ռուսաստանն ինքն է փլուզում ԱՊՀ-ն՝ վարելով կայսերապետական քաղաքականություն, աջակցություն ցուցաբերելով անջատողականներին և փորձելով շահաբաժին վաստակել խորհրդային նախկին հանրապետությունների հաշվին՝ շանտաժի, ուժային ճնշման, ձեռքերը ոլորելու ճանապարհով»,- հայտարարել է Ալիզադեն՝ մեկնաբանելով Վրաստանի ԱՊՀ-ից դուրս գալն ու Ուկրաինայի կողմից համանման քայլի հնարավորությունը։

Ըստ նրա, Ռուսաստանի նման քաղաքականությունը պայմանավորված է ՆԱՏՕ-ի առջև ունեցած սարսափով, սակայն, ինչպես կարծում է քաղաքագետը, Ռուսաստանին հարկավոր է զգուշանալ «անկայունության առաջացման և պետության փլուզման ներքին սպառնալիքներից ու պատճառներից»։

«Եվրոպան չի սպառնում Ռուսաստանին։ ՌԴ-ի համար գոյություն ունի ներքին սպառնալիք. դա քաղաքական համակարգի անկայունությունն է, կոռուպցիան, խոսքի ազատության բացակայությունը, հասարակության ու պետության միջև առկա անվստահությունը, քաղաքացիների եկամուտների աղաղակող տարբերությունը, ռուսական գիտության ու կրթության անկումը և այլք»,- ընդգծել է Ալիզադեն՝ հավելելով, որ բոլոր այդ երևույթները երկրի համար մեծ վտանգ են պարունակում և «այդ հարցում ԱՊՀ երկրները չեն կարող օգնել Ռուսաստանին»։

Իսկ ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետ Փարվին Դարաբադիի կարծիքով, ԱՊՀ-ն սկսել է իր հմայքը կորցնել ու աստիճանաբար վերածվել «նախագահների ակումբի», որոնք կանոնավոր կերպով հավաքվում են, կարծիքներ փոխանակում, հաստատում են տասնյակ փաստաթղթեր, որոնք իրականում չեն գործում։

Դարաբադին կարծում է, որ 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Վրաստանը ԱՊՀ-ում անելիք չունի. «Այդ երկիրը չի կարող գտնվել այնպիսի երկրների միավորման կազմում, որտեղ մի երկիրը ռազմական գործողություն է իրականացնում մեկ այլ երկրի դեմ։ Եվ այդ ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանը հաջողացնում է լարվածություն ստեղծել այնպիսի դաշնակցի հետ, ինչպիսին Բելառուսն է։ Ինձ թվում է, որ Ռուսաստանն առայժմ հստակ չի մշակել աշխարհաքաղաքական իր գիծը։ Եվ չի բացառվում, որ այդպես կշարունակվի մինչև Ռուսաստանի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի հերթական անգամ իշխանության գալը»։