Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամները Ռուբեն Հակոբյանի որոշման մասին իմացել են լրատվամիջոցներից:
Խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս առթիվ նշեց. «Հուսով եմ, որ առաջիկայում «Ժառանգության» նիստ կհրավիրվի, քննարկում կլինի, որին նաեւ ինձ կհրավիրեն, պետք է սպասել: Իսկ խմբակցությունն այս պահին որեւէ խնդիր չունի, մենք մեր աշխատանքն ենք կատարում»:
Լրագրողների դիտարկմանը, թե Սահմանադրական բարեփոխումների գործընթացի ֆոնին խմբակցություններում հակասություններ են առաջացել, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Տարբեր մարդիկ տարբեր մոտեցումներ ունեն, եւ պետք է կարողանան իրենց կարծիքներն արտահայտել»:
Հիշեցնենք, որ Ռուբիկ Հակոբյանը կուսակցությունը լքելու եւ խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարել է սեպտեմբերի 17-ին ուշ երեկոյան: Ըստ տարբեր տեղեկությունների՝ Հակոբյանն այդ քայլին դիմել է, քանի որ կողմ է Սահմանադրության նոր նախագծին:




























