ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բերքը վերամշակող գործարանների հետ աշխատանքներ է տանում` գյուղացիների բերքի ամբողջ ծավալի վերամշակման ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նա հաստատեց, որ այսօր` սեպտեմբերի 18-ին, գյուղնախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչներին, որոնք մտավախություն ունեն, որ չեն կարողանա մթերել խաղողի բերքը: Ռոբերտ Մակարյանի խոսքով` նախարարը գյուղացիներին հավաստիացրել է, որ բերքի ամբողջ ծավալը կմթերվի:
«Գյուղացիները մտավախություն ունեն, որ իրենց բերքը չեն կարողանա մթերել վերամշակող կազմակերպություններին: Գործարանները մասնավոր ընկերություններ են, ինչպես որ գյուղացիական տնտեսությունները, և այժմ գյուղատնտեսության նախարարությունը բանակցությունների միջոցով պլանավորում է իրականացնում: Ամեն օր աշխատանքներ տանում ենք վերամշակող գործարանների հետ, գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նախարարը հավաստիացրեց, որ բերքի ամբողջ ծավալը կմթերվի»,-ասաց Ռոբերտ Մակարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչներին, որոնք չեն կարողանում մթերել խաղողի բերքը, այսօր՝ սեպտեմբերի 18-ի առավոտյան Երեւան-Մեղրի մայրուղին երկու ժամ փակ պահելուց հետո հաջողվել է հանդիպել գյուղնախարար Սերգո Կարապետյանին:




























