ՀԷՑ-ում աուդիտը ժամանակ շահելու եւ մարդկանց մոլորեցնելու խնդիր է լուծում, իշխանությունը չի գնա Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման, փոխարենը շուտով կիմանանք՝ ովքեր են ՀԷՑ-ի նոր գնորդները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ մինչեւ 2036թ. էներգետիկայի զարգացման ծրագրով ՀԷՑ-ի վաճառքի խնդիր դրված չի եղել։
«ՀԷՑ-ի վաճառքի մասին լուրը շատ ցնցող էր, որովհետեւ մենք սպասում էինք, որ պետք է աուդիտ տեղի ունենա, պարզվեց, որ արվող աուդիտն ավելորդ է, աուդիտն ընդամենը ժամանակ շահելու խնդիր էր: Բոլորս սպասում էինք, որ աուդիտը կարդարացնի մեր բոլորիս սպասելիքները, բայց հայտարարությունից հետո, պարզ է, որ սակագինը չի նվազի, մենք այդպես էլ չենք իմանա՝ ինչպես տարիներ շարունակ շահույթով աշխատող ընկերությունը դարձավ անվճարունակ եւ հանվեց վաճառքի»,-ասաց տնտեսագետը։
Վահագն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ ՀԷՑ-ում անցկացվող աուդիտը ի վերջո կհիմնավորի էլեկտրաէներգիայի սակագնի՝ 15 տոկոս թանկացումը։
«Ներկայացման վերջը, որը սկսել էր մարտ-ապրիլից, կլինի այն, որ մենք ի վերջո կիմանանք՝ ովքեր են ՀԵՑ-ի գնորդները, կպարզվի, որ նրանց աուդիտը կտա մի եզրակացություն, որը կհիմնավորի, որ ոչ թե 15 այլ 30 տոկոս պետք է բարձրացվի սակագինը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ էլցանցերի վաճառքից հետո էլեկտրաէներգիայի որակական փոփոխություն տեղի չի ունենա։




























