«Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանի հեռանալն իր որոշումն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով Ռուբեն Հակոբյանի հեռանալը «Ժառանգություն» կուսակցությունից եւ համանուն խմբակցության ղեկավարի պաշտոնից:
Հարցին, թե հնարավո՞ր է Հակոբյանի վերադարձը ՀՅԴ, Աղվան Վարդանյանը պատասխանել է, որ իրենց կուսակցություն վերադառնալու դեպքերը եզակի չեն:
Եթե ՀՅԴ ղեկավար մարմինը անդամության վերականգնման որոշում կայացնի, ապա հարցեր չեն ծագի: Առավել եւս, եթե մարդուն չեն հեռացրել ինչ-որ լուրջ խախտման կամ արարքի համար: «Իսկ Ռուբեն Հակոբյանի դեպքում ոչ մի նման բան չի եղել: Երկար ընդմիջումից հետո անդամության վերականգնման օրինակներ մենք ունենք: Վերջերս 15 տարի անց ՀՅԴ-ում վերականգնվել է Ռոլանդ Շառոյանի անդամակցությունը»,-նկատել է Վարդանյանը:
«Ժառանգությունից» հեռանալու Ռուբեն Հակոբյանի որոշմանը ՀՅԴ-ում հարգանքով են վերաբերվում: «Իսկ ինչու է հեռացել եւ ինչ է կատարվում «Ժառանգությունում», ավելի լավ է հարցնեք ոչ թե ինձ, այդ կուսակցության ու խմբակցության անդամներին»,-հավելել է դաշնակցական պատգամավորը:




























