Ռուսաստան-Հայաստան առեւտրային հարաբերություններում ռուբլուն անցնելու` վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը պայմանավորված է Հայաստանում ռուբլու ավելցուկով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ դա ձեռնտու է Հայաստանին։
«Մենք 2013թ. 1.5 մլրդ փոխանցումներ ենք ստացել, սակայն այդքանի արտահանում, կամ ներմուծում Ռուսաստանից չենք իրականացրել։ Տնտեսագիտորեն, ֆինանսական եւ բոլոր առումներով այսօր մեզ ձեռնտու է, որպեսզի անցնենք ռուբլով վճարումներ կատարելուն, որովհետեւ մենք ռուբլու խնդիր չունենք, ունենք ռուբլու ավելցուկ»,-ասաց տնտեսագետը։
Վահագն Խաչատրյանը նշեց, սակայն, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ռուսաստանի հետ ռուբլով առեւտրին անցնելու մասին հայտարարությունն անսպասելի էր, քանի որ ԵՏՄ տնտեսական շրջանակներում նմանատիպ հայտարարությունները քննարկումներ են պահանջում, իսկ քննարկումներ չեն եղել, Ռուսաստանն այդ հայտարարությանը չի արձագանքել եւ Հայաստանի հետ ռուբլով առեւտրին չի անցնի։
«Սակայն քննարկումներ չեն եղել, Ռուսաստանի կողմից որեւէ արձագանք, կամ առաջարկ չի եղել։ Բայց Ռուսաստանը չի գնա դրան, որովհետեւ դա Ռուսաստանի ձեռք չի տալիս։ Դա ընդամենը խոսակցություն է, լուրջ չէ, Ռուսատանը եւ մյուսներն էլ չեն գնա սրան եւ մենք կմնանք միայնակ, ուղղակի հերթական անլուրջ պահվածքն է»,-ասաց տնտեսագետը։




























