Եվրամիությունը համագործակցության համար շատ հնարավորություններ է տալիս, ներառյալ տնտեսական զարգացումը, եւ Հայաստանը պետք է օգտվի դրանից։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների տեղական եւ տարածաշրջանային իշխանության մարմինների կոնֆերանսի (CORLEAP) ժամանակ, հայտարարեց CORLEAP-ի համանախագահ Մարկու Մարկուլլան՝ հավելելով, որ ներկայումս Եվրոպան սեփական ֆինանսական ճգնաժամն է ապրում։

«Իմ ուղերձը հետեւյալն է. պետք է խորացնել համագործակցությունը։ Մենք հսկայական փորձ ենք կուտակել, դա պետք է օգտագործել։ Շատ կարեւոր է նաեւ ներգրավել երիտասարդներին, այդ թվում հայկական սփյուռքից։ Դուք՝ հայերդ, Եվրոպայում ամենուր եք։ Ցանկալի կլիներ հետ բերել հայրենիք, կանխել ուղեղների արտահոսքը»,- ընդգծեց Մարկուլլան։

Նման մարտահրավերների պատասխանը, ըստ նրա, տեղական ինովացիոն համակարգերի զարգացումն է, որը կհրապուրի երիտասարդ «թվային» կադրերին։ «Մենք ԵՄ-ում ջանում ենք ծածկել նորարարական ճեղքը՝ դրա մեջ ներգրավելով նրանց, ովքեր ավելի քիչ են զարգացած»,- նշեց Մարկու Մարկուլան։

Նա հավելեց, որ ամեն 2 տարին մեկ ԵՄ մակարդակով CORLEAP գագաթնաժողովներ են ընթանում։ «այսօր Երեւանում մեր նպատակը CORLEAP-ի գրասենյակի անդամների միջեւ համագործակցության խորացումն է եւ առաջիկա 2 տարվա համար գործողությունների կոնկրետ պլանի մշակումը։ Մենք դիտարկում ենք նաեւ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հնարավոր ֆինանսավորումը»,- եզրափակեց Մարկուլան։

CORLEAP-ը ԵՄ «Արեւելյան գործընկերության» երկրներում տարածքային հարթությունը ներկայացնող համատեղ ժողով է որը համախմբում է ԵՄ եւ «Արեւելյան գործընկերության» երկրների տեղական եւ տարածքային իշխանությունների ներկայացուցիչներին: Խորհրդաժողովը միակ հարթակն է, որը հնարավորություն է ստեղծում քննարկելու քաղաքների եւ ռեգիոնների դերակատարումը «Արեւելյան գործընկերության» զարգացման համատեքստում:

CORLEAP, ստեղծվել է Տարածաշրջանների կոմիտեի կողմից (CoR) 2011 թվականին՝ ԵՄ «Արեւելյան գործընկերության» երկրներին տարածքային եւ տեղական հարթություն բերելու նպատակով: CORLEAP-ը համախմբում է 36 տարածքային եւ տեղական քաղաքական գործիչների, որոնցից 18-ը՝ CoR-ից, 18-ը՝ Արեւելյան գործընկերության երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա: