Հայաստանի մահացող տնտեսությունը փրկելու համար լուծումներ կան, սակայն գործող իշխանությունները պետք է քաղաքական քայլեր եւ քաղաքական կամք դրսեւորեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

«Իրավիճակը կարելի է փրկել, Հայաստանում պետք է մոնոպոլիաներ չլինեն, պետք է փոքր եւ միջին ձեռնարկությունների մրցակցություն ապահովել։ Այս ամենը իրականացնելու համար պետք են ոչ թե տնտեսական, այլ քաղաքական քայլեր եւ քաղաքական կամք դրսեւորել։ Սակայն գործող իշխանությունը պատրաստ չէ վերացնել մենաշնորհները, մրցակցության հավասար պայմաններ ապահովել, վերջ տալ կոռուպցիային եւ արդար դատարաններ ունենալ։ Եթե այս ամենին պատրաստ լինի, իհարկե, փոփոխություններ կլինեն, բայց մենք ունենք այն, ինչ ունենք՝ մահացող տնտեսություն: Նույնիսկ ԵՏՄ շուկան ոչինչ տվեց Հայաստանին»,-ասաց տնտեսագետը։

Վահագն Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է կամ զարգացնել տնտեսությունը, կամ ներքին շուկայում կայունություն ապահովել։ 

«Տնտեսությունը աշխուժացնելու համար մենք պետք է արժեզրկենք մեր դրամը, կամ եթե ուզում ենք կայունություն լինի ներքին շուկայում, պետք է դոլարի փոխարժեքը գոնե պահպանենք 480 դրամի սահմաններում։ Սակայն երկու առումներով էլ տնտեսությունը մահանում է,  քաղաքացիներս գնալով ավելի աղքատանում ենք, գնողունակությունն անկում է ապրում»,-ասաց տնտեսագետը՝ ավելացնելով, որ այս պայմաններում անհրաժեշտ է տնտեսագիտական լուծումներ առաջարկել՝ նախեւառաջ պարզելով տնտեսության ներկայիս վիճակի պատճառները։