Իշխանությունները «Սահմանադրական փոփոխություններ» անվամբ օպերացիայով նախատեսում են կրկին զինաթափել ժողովրդին, որպեսզի նորից տիրանան իշխանությանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ արտահերթ նիստին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 «Իշխանություններն իրենց գործունեության առաջին իսկ օրվանից փոխանակ քաղաքական ազգ դառնալու հայտ ներկայացնելու եւ քաղաքական կանոներով առաջնորդվելու որպես անկախության կրող ընդօրինակեցին խորհրդային իշխանությունների գործելաոճը՝ Հայաստանը ներկայացնելով որպես վասալային պետություն: Վասալի, հաճախորդի կարգավիճակի խոցելիությունը գիտակցելով՝ ձեռնարկեցին «Սահմանադրական փոփոխություններ» անվամբ օպերացիան, որով նախատեսում են կրկին զինաթափել ժողովրդին, որպեսզի նորից տիրանան իշխանությանը: Սրանք են այն մերժելի, ոչ քաղաքական  խաղի կանոնները, որով ղեկավարվում են Սերժ Սարգսյանը եւ բոլոր նրանք, որոնք ուզում են ստեղծված իրավիճակում իրենց համար օգուտ որսալ: Հայաստանում գործող բոլոր քաղաքական միավորներին Սերժ Սարգսյանն այս տարվա սկզբին ակնարկեց, որ կա մարտահրավեր, ու ինքը խնդիր ունի՝ մաքրելու քաղաքական դաշտը, որտեղ ինքը միատեր էր եւ այն իր համար վտանգ էր ներկայացնում: Փետրվարյան դեպքերից հետո Սերժ Սարգսյանը իր պատկերացմամբ արդեն ստեղծել է այդ մտավոր ուժը եւ քաղաքական հարթակը, որի միջոցով փորձում է լուծել իր ավտորիտար համակարգի վերարտադրման խնդիրը: Սակայն նա, ըստ մեզ, չի լուծել քաղաքական հայտ ներկայացնելու ժողովրդի պահանջը օրակարգից հանելու խնդիրը»,-ասաց պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ եթե այսօր մենք սատարենք Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած «ապօրինի գործընթացը», ապա մեկ միլիոնից ավելի քաղցած մարդ կունենանք։ Նա կոչ արեց համախմբվել եւ տապալել Սահմանադրական բարեփոխումների գործընթացը:

«Այն, ինչ տեղի է ունենում ԱԺ պատերի ներքո, դա բեմադրություն է Սերժ Սարգսյանի համար, մենք դրա դերակատարները չենք, մեր տեղը այսօր լինելու է ՀՀ բոլոր քաղաքներն ու փողոցները, համախմբման միջոցով պարալիզացնելու ենք այս ապօրինի իշխանության գործունեությունը: Առաջին հերթին մինչեւ հանրաքվեի օրը Սերժ Սարգսյանից պետք է ազատվենք ու հանրաքվեի օրը պետք է ընտրենք նոր ժամանակավոր կառավարություն»,-ասաց նա: