Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը ԱԺ-ում հայտարարել է, որ հավատում է Սահմանադրական փոփոխությունների փորձագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին եւ նրա մեջ տեսնում է ապագա Լուսավոր Հայաստանը: Նա միաժամանակ հավելել է, որ դեռեւս իր համար չի որոշել, կողմ է սահմանադրական փոփոխություններին, թե ոչ:
Նա իր ելույթում մասնավորապես, նշել է.
«Ես գիտեմ կոնկրետ ինչին եմ կողմ, ու ինչին եմ դեմ: Ես կողմ եմ ու իմ փոքր հնարավորությունների սահմաններում գործելու եմ, որ մի օր Հայաստանը լինի այնպիսի պետություն, ինչպիսիք են Դանիան, Բելգիան, Շվեդիան, Նորվեգիան, Չեխիան: Չգիտեմ՝ պատահական է, թե ոչ, սրանք խորհրդարանական կառավարման երկրներ են:
Ես դեմ եմ, որ իմ երկիրը մի օր լինի այնպիսի պետություն, ինչպիսիք են Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը: Պատահականություն է գուցե, բայց սրանք էլ նախագահական կամ կիսանախագահական երկրներ են:
Ես երազում եմ նորվեգական Հայաստանի մասին: Իմ համար չեմ երազում: Հույս չունեմ: Ես նման Հայաստան երազում եմ իմ որդու ու 4 աղջիկներիս համար: Ես երազում եմ մեր բոլորի հրաշք բալիկների համար: Ու տա Ասված, որ մի տասը տարուց նույն բանը ստիպված չլինեմ երազել արդեն թոռներիս համար: Բայց եթե այսպես գնաց, կարծես հենց դա էլ կլինի:
Քննարկումների հետ ուղիղ կապ չունեցող մի դիտարկում էլ անեմ: Հետեւելով սահմանադրության քննարկումներ մինչ օրս տեղի ունեցած գործընթացին, ես ինքնս ինձ համար պարզել եմ մի կարեւոր բան. ես հավատում եմ պարոն Վարդան Պողոսյանին: Ես նրա մեջ տեսնում եմ ապագա Լուսավոր Հայաստանը, որ նախ եւ առաջ պիտի կառուցվի պրոֆեսիոնալիզմի, գրագիտության, եվրոպական կամ ավելի շուտ մեր իրական արժեհամակարգի վրա: Պարո՛ն Պողոսյան, ես հավատում եմ մեկ մարդու դերակատարությանը, հավատում եմ, որ Դուք մինչեւ վերջ կանեք այն, ինչին հավատացել եք տարիներ շարունակ: Ինձ կասեն մեկ մարդն ինչ կարող է անել, ես կասեմ՝ շատ բան: Ուրախ եմ, որ իշխանությունում որոշել են Ձեր կերպարով ներկայանալ՝ դա շատ բան կփոխի հենց իշխանության այն ձեռագրում եւ այն վարքագծում, որը մենք չենք ընդունել մշտապես:
Մի այլ հարց էլ: Սահմանադրությունը առաջ տանող քաղաքական ուժը պնդում է, որ պետք է անցնել, այսպես կոչված, «հաղթողը ստանում է ամեն ինչ» համակարգից դեպի ավելի հավասարակշռված համակարգ: Վատ չի, բայց տարիների փորձն ինձ հուշում է, որ սա, համենայնդեպս, դրա կարեւորության հանդեպ հավատից չի գալիս: Արդյո՞ք այս օրվա օրենքները խանգարում են մեզ այդ մոտեցումը հենց այս օրվանից կիրառել: Ազնիվ կլիներ եւ՛ որպես վստահության բարձրացում, եւ՛ապացույց գաղափարն արժեւորելու մասին, անկախ այն բանից սահմանադրության փոփոխությունները կանցնեն, թե ոչ, հիմա արդեն նույնը անեք: Նույն ընդդիմության լիազորություններում ԱԺ տեղակալներից մեկը տվե՛ք ընդդիմությանը, կո՛ղմ քվեարկեք ընդդիմադիրների բոլոր այն առաջարկներին, որոնք ուղղված են այս կամ այն սուր հարցը քննելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն: Այսօրվանի՛ց սովորեցրեք մեզ այդ քննիչ հանձնաժողովների դրական լինելուն, այլ ոչ թե ուժի դիրքերից վիժեցրեք ամեն ինչ: Վաղվանից սկսե՛ք հեռարձակել նաեւ բոլոր հանձնաժողովների նիստերը: Այս ցանկը կարելի է իսկապես շարունակել: Այսօրվա օրենքները շատ բան կարող են թույլ տալ: Մինչ հանրաքվեն արե՛ք այդ քայլերը, որ ապացուցեք, որ առաջարկվող փոփոխությունները իրականում արժեւորում եք եւ համարում, որ դա անում էք ձեր իսկ բարի կամքով:
Ախր գիտե՞ք ինչի համար եմ ցավ ապրում. ես տեսնում եմ, որ սահմանադրության այս փոփոխված տեքստը տանում է դեպի իմ՝ «նորվեգական Հայաստան» երազը, ես հավատում եմ այս սահմանադրությանը, ես չեմ հավատում այն ներկայացնող քաղաքական ուժի՝ այսպես արագ արժեքային վերափոխմանը: Կասեք ՝ ինչ կապ ունի ով է ներկայացնու՞մ. կասեմ կապ ունի: Հաստատ ունի: Ապացուցեք, որ չեմ սխալվում. ես կոմպլեքսներ չունեմ կանգնելու գործընթացի մեջքին, բայց նախորդ պառլամենտական ընտրություններին մասնակցած մեր քաղաքացիների պես խաբված լինել չեմ ցանկանում:
Ցավոք, առայժմ հավատում եմ միայն Վարդան Պողոսյանին»:





























