Բրյուսելը հավանություն է տվել փախստականների նկատմամբ Գերմանիայի վերաբերմունքին եւ քննադատել այս հարցում Հունգարիայի դիրքորոշումը:

Ինչպես ուրբաթ օրը հայտնել է Եվրահանձնաժողովը, Միգրացիայի հարցերով եվրոպական հանձնաժողովի անդամ Դիմիտրիս Ավրամոպուլոսը նախօրեին եղել է Բուդապեշտում ու Գերմանիայի Ռոզեյնհայմ քաղաքում: Նշում են, որ նա «տեղերում է ուսումնասիրել իրավիճակը ու քննարկել հանձնաժողովի առաջարկները, որոնք ուղղված են ԵՄ արդարադատության ու ներքին գործերի նախարարների երեքշաբթի օրը կայանալիք խորհրդին», հայտնում է Ինտերֆաքսը:

Ռոզենհայմում Ավրամոպուլոսը բարձր է գնահատել փախստականների նկատմամբ Գերմանիայի վերաբերմունքը: «Դուք բաց եւ համերաշխ վերաբերմունքի օրինակ եք, իսկ դրանք այն արժեքեներն են, որոնց վրա խարսխված է մեր Եվրոպական միությունը,- ասել է նա: Ժամանակը փորձության է ենթարկում մեր միության ամրությունը: Մենք պետք է բոլորս միասին ցույց տանք մեր դիմացկունությունը: Մեզ երկարաժամկետ որոշումներ են պետք»:

Հունգարիայում Ավրամոպուլոսը ասել է, որ հասկանում է իշխանությունների դիրքորոշումը ՝ իր տարածքով միգրանտների հոսքին խոչընդոտելու հարցում, բայց քննադատել է ՝ ԵՄ ընդհանուր խնդրի լուծումից շեղվելու փորձը: «Սա շատ բարդ ժամանակ է երկրի, նրա ղեկավարության, տեղական իշխանության մարմինների ու Հունգարիայի ժողովրդի համար: Բայց դուք միայնակ չեք: Հունգարիան միայնակ չէ: Դժվար ժամանակներ են ապրում նաեւ ձեր հարեւանները: Հունաստանը, Խորվաթիան, Ավստրիան... այսօրվա խնդիրները ընդհանուր են ամբողջ Եվրոպայի համար: Փախստականների խնդիրը մի երկրից մյուսը տեղափոխելը հարցի լուծում չէ»: