ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծում է, որ նոր սահմանադրությամբ ընդդիմության լիազորություններն ավելանում են:
«Այս փոփոխությունների նախագիծը հենց նրա մասին է որ այլեւս մեկ կուսակցություն չի կարողանա միանձնյա կառավարել երկիրը: Մենք առաջարկում ենք ընդդիմության դերի բարձրացում, ըստ էության, իշխանության փոփոխություն սահմանադրական ճանապարհով: Սիրելի ընդդիմադիրներ, կարծում եմ՝ դա դուք պիտի անեիք, բայց ոչինչ, ձեր փոխարեն էս մի գործն էլ կանենք»,- այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ արտահերթ նիստին ասաց պատգամավորը:
Պատգամավորը ընդդիմադիրներին խորհուրդ տվեց հրաժարվել իրենց ընտրած՝ «պարտվողական մտածողությունից»:
«Նիկոլ ջան, սիրում ես պոկեր խաղալ, գնա խաղա, բայց քաղաքականությամբ մի խաղա, չի ստացվում, բոլոր թելերը երեւում են: Սիրում ես պատմություն, Նապոլեոնին ու Չերչիլին ես սիրում, սիրի, բայց գոնե սիրածդ պատմությունները մինչեւ վերջ կարդա: Եթե այդքան սիրում ես պատմական օրինակներ, պարտված գործիչների օրինակ մի վերցրու, վարակիչ է, եւ, հիշիր, դավադրությունների մասնագետը Մարգարիտ Եսայանը չէ: Հասկանում եմ պաթոսդ, ջահել ես, ուզում ես ճամփա անցնել, հավակնություններ ու հաշիվներ ունես, բայց չափիդ մեջ մնա ու քո արշինով մյուսներին մի չափի»,- ասաց Մարգարիտ Եսայանը:
Պատգամավորի ելույթը գոհացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:
«Ինչպես կասեր մեր սիրելի ընկեր Վահան Հովհաննիսյանը՝ ապրես Նախշուն ջան»,- ասաց նա:




























