Հայաստանում պարլամենտարիզմի մասին ՀՅԴ-ի համար առաջնային համարվող դրույթները հաշվի են առնվել Սահմանադրական բարեփոխումների նախագծում։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ ՀՀ խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ, հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ չի կարելի չգնահատել մասնագիտական հանձնաժողովի կատարած հսկայական եւ կարեւոր աշխատանքը։ Հանձնաժողովը կարողացել է ապացուցել կիսանախագահական համակարգի թերությունները՝ իշխանության հնարավորինս կենտրոնացում, պատասխանատվության անհամաչափություն, ընտրությունների միջոցով իշխանափոխության անհնարինություն, ստվերային համաձայնություններ ոչ միայն քաղաքականության, այլ նաեւ տնտեսության մեջ, որտեղ հարցերը լուծվում են ոչ թե հանրային բանակցություններով, այլ հետնաբեմի համաձայնություններով։
«ՀՅԴ-ն միշտ կողմ է եղել խորհրդարանական համակարգին։ 2012թ. մենք Հայաստանի զարգացման 7 առաջնայնություն ենք սահմանել, որոնցից 4-ը վերաբերում էին հենց խորհրդարանական հանրապետություն ստեղծելուն՝ անցում խորհրդարանական համակարգի, 100-տոկոսանոց համամասնական ընտրություններ, ընդդիմության ազդեցության աճ, դատական համակարգի անկախության աճ»,- նշեց Վարդանյանը։





























