Հայաստան կատարած այցը վերջին տարիների ամենավառ իրադարձությունն է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի արտասահմանյան լրագրության ամբիոնի դոցենտ Գրիգորի Պրուտցկովի կյանքում:

«Սա մեր մասնաճյուղ կատարած շարքային այց չէր: Ես այստեղ մի ամբողջ աշխարհ, մի ամբողջ տիեզերք եմ բացահայտել»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է դասախոսը՝ հավելելով, որ ինքն առաջին անգամ է Հայաստանում:

Իմանալով, որ Երեւանում բացվել է ՄՊՀ մասնաճյուղը, ինքը անպայման այստեղ գալու ուժեղ ցանկություն զգաց, ինչի մասին հայտնեց ֆակուլտետում. «Այդ ժամանակ դեկանի տեղակալը ասաց. «Դե եթե խնդրում եք ՝ ուրեմն առաջինն այնտեղ կգնաք»: Ես շատ ուրախացա»:

Հայաստանում անցկացրած երկու շաբաթվա ընթացքում Պրուտցկովն այցելել է Գառնի, Գեղարդ, Ծաղկաձոր ու Սեւան:

«Սա հազվագյուտ մշակույթ ունեցող երկիր է: Մարդիկ շատ բարյացակամ են: Զարմանալիորեն լավ գիտեն իրենց պատմությունը: Որ քարի մասին հարցնում ես ՝ ամեն ինչ գիտեն: Բացի դրանից ինձ շատ դուր եկավ հայկական խոհանոցը: Այն իրոք ապշեցուցիչ է: Ես Մոսկվայում որոշ բաներ համտեսել էի, բայց դա նույնը չէր»,- նկատել է նա:

Խոսելով ՄՊՀ երեւանյան մասնաճյուղի առաջին կուրսեցիների մասին՝ դասախոսը շեշտեց, որ իր համար հեշտ ու հաճելի էր նրանց հետ աշխատելը:

 «Ես ուրախ եմ, որ նրանք այն մարդկանցից չեն, ովքեր ոչինչ չգիտեն ու ոչինչ չեն հասկանում: Բոլորը շատ խելացի են, կիրթ ու ոչնչով չեն զիջում մոսկովյան համալսարանի ուսանողներին»,- ամփոփեց նա: