Հայփոստի բաժանմունքներում ստացել են բնակիչների սպառած էլէներգիայի տվյալները, սակայն վճարումներ դեռ չեն ընդունում, որովհետեւ ծրագրային խնդիրներ կան: Այս մասին NEWS.am-ին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը:

Նատալյա Սարջանյանը տեղեկացրեց, որ, ամենայն հավանականությամբ, խնդիրները երեքշաբթի կլուծվեն:

Նշենք, որ օգոստոսին սպառած էլեկտրաէներգիայի համար արդեն մի քանի օր է՝ հնարավոր է վճարումներ կատարել բանկերում: Վճարման անդորրագրերի վրա կարելի է տեսնել, թե ծախսած էլեկտրաէներգիայի որ մասն է սուբսիդավորել պետությունը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին` հունիսի 17-ին ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։

Կառավարությունը առայժմ փոխհատուցելու է բնակիչների և ՓՄՁ–ների ծախսած էլեկտրաէներգիայի թանկացումը։ Սակագների սուբսիդավորումը կշարունակվի մինչեւ տենդերով ընտրված խորհրդատվական  Deloitte & Touche CIS ընկերությունը կավարտի աուդիտը եւ կներկայացնի էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորվածության վերաբերյալ իր գնահատականը: