Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը պնդում է, որ դաժան ծեծի ենթարկված՝ «Պանտերայի» աշխատակից Վարազդատ Խոցանյանին չի ճանաչում։

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ ինքն ամեն ինչ անում է Խոցանյանի գործը փակելու համար, Այվազյանն արձագանքեց. «Ապուշություններ են, չկա էդպիսի բան, իրականությանը չի համապատասխանում։ Ես նույնիսկ Խոցանյանին չեմ ճանաչում»։

Հիշեցնենք, որ ըստ «Հրապարակի»՝ Այվազյանն ամեն ինչ անում է, որ Խոցանյանի դեպքով հարուցված քրգործը կարճվի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում 2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել եւ ծեծի են ենթարկել «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: Դեպքը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուզ կաֆե» սրճարանի մոտ, երբ անվտանգության ծառայության աշխատակիցը գնում էր «Տոտոյի» գրասենյակ՝ ստուգայցի:

Սեպտեմբերի 3-ին Հատուկ քննչական ծառայությունում մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ Վարազդատ Խոցանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախնական տեղեկություններով՝ Խոցանյանին ծեծի է ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին: