Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշման դեմ Վերաքննիչ բողոքի քննությունն այսօր՝ սեպտեմբերի 19 հետաձգվեց՝ դատախազի բացակայության պատճառով:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը բավարարել է Մհեր Ենոքյանի՝ բողոքի քննությանը մասնակցելու միջնորդությունը:
Վերաքննիչ բողոքի քննությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. մայիսի 28-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած արտագնա նիստին դատարանը մերժել է Մհեր Ենոքյանի գործով նոր երեւան եկած հանգամանքների հիմքով 20 տարվա վաղեմության քրեական գործը վերաբացելու հայցը:
Հիշեցնենք, որ 20 տարեկանում` 1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու`սպանության մեջ /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ կետեր/: ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում: Գործով մյուս մեղադրյալն Արամ Հարությունյանը դատապարտվել էր նույն գործով, սակայն 15 տարի ազատազրկման: Նա այժմ ազատության մեջ է:




























