Հանրապետության 32, Ֆիրդուսի 33 թաղամասի, Կոնդ թաղամասերի եւ Բյուզանդի փողոցի օտարված տների բնակիչներին կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը տվել է սեպտեմբեր ամսվա բնակվարձը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետության 32-ի նախկին բնակիչ Նունե Կարապետյանը: Նա նշեց, որ սեպտեմբերի 19-ին, «Գլենդել Հիլզի» տնօրինությունը բնակիչներին հրավիրել է կազմակերպության գրասենյակ եւ խոստացել փոխանցել նաեւ մյուս ամիսների բնակվարձերը, սակայն, բնակիչների եւ «Գլենդել Հիլզ»-ի տնօրեն Էդիկ Մելիքյանի հետ խոստացված հանդիպումն այդպես էլ չի կայացել:
Նունե կարապետյանը նշեց, որ, եթե Հովիկ Աբրահամյանն իր խոստումը մինչեւ սեպտեմբերի վերջ չկատարի՝ կառավարության շենքի դիմաց կսկսեն բողոքի ակցիաներ եւ նստացույցեր:
Նշենք, որ Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները 2015թ. հուլիսի 13-ին հանդիպում էին ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որը խոստացել էր հետամուտ լինել նրանց խնդիրների լուծմանը:
Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն ուշացումներով:




























