Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղավոր ճանաչված Հարություն Սարգսյանի փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Խոշտանգումների եւ հարազատներին ապօրինի պահելու մասով սեպտեմբերի 17-ին դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որն ապրիլի 13-ին պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝ Հարություն Սարգսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության, նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռը` անարդարացի: Նրանք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարանում, որն անփոփոխ էր թողել դատավճիռը:

Վճռաբեկը 2015թ. փետրվարի 27-ին բեկանել է Հարություն Սարգսյանին ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար 1 տարվա ազատազրկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը եւ անփոփոխ թողել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին՝ Կարեն Եսայանին սպանելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտելու մասին դատարանի որոշումը։