Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հացնելու համար հուլիսի 27-ից կալանավորված՝ Սյունիքի մարզպետի որդու կալանքը երկու ամսով երկարացվեց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Խաչատյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:
«Նախաքննական մարմնի միջնորդությունը դատարանը բավարարեց կալանքի ժամկետը 2 ամսով երկարացրեց: Հերթական անիմաստ որոշումը կայացվեց, բացարձակ ոչ մի հիմք չունենալով երկարաձգեցին, բողոքարկելու ենք»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը։ Տիգրան Խաչատրյանը պնդում է, որ ներկա է եղել վեճին, սակայն որեւէ մեկին վնասվածք չի հասցրել, ինքը միայն փորձել է բաժանել վիճողներին։ Հուլիսի 27-ին Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։
Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ. Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:




























