Իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի գործով Դատաբժշկական սոցիալական հանձնաժողովը նիստ չի գումարում եզրակացություն տալու համար՝ արդյոք Սողոմոն Քոչարյանը ի վիճակի է հետագայում կրել պատիժը, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սողոման Քոչարյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը:
«Հանձնաժողովը հայտարարել է՝ իբր նիստ գումարելու համար ակտիվ քայլեր է ձեռնարկում, սակայն ես չեմ հավատում, վստահ եմ, որ ոչինչ էլ չի անում: Իսկ Քրեակատարողական վարչության գործողությունները վկայում են այն մասին, որ վարչությունը շահագրգռված չէ Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում: Քրեակատարողական վարչությունը քաջ գիտակցում է Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակի վտանգավորությունը, գուցե վատ բան եմ ասում, բայց իրենք ժամանակի վրա են խաղում»,-ասաց պաշտպանը:
Նա նշեց, որ դատաբժշկական սոցիալական հանձնաժողովը այս պահին ունի բոլոր հնարավորություններն ու լծակները, որպեսզի նիստ գումարի, եզրակացություն տա եւ գործը ուղարկվի դատարան, բայց չի անում եւ դա վկայում է օրենքի կամայական կիրառման մասին:
«Եթե Սողոմոն Քոչարյանը լիներ պաշտոնավոր կամ տանիք ունեցող անձ, հանձնաժողովն անմիջապես նիստ կգումարեր եւ անմիջապես հարցը կլուծվեր»,-ասաց պաշտպանը:
Գրիշա Բալասանյանը նշեց, որ Սողոմոն Քոչարյանը շարունակում է մնալ քաղաքացիական հիվանդանոցում, նրա վիճակն ավելի է վատացել, անգամ ոտքի կանգնել եւ անկողնում շարժվել չի կարողանում:
«Ամեն ինչ վատ է, նույնիսկ 2 օր առաջ նրան նորից ստիպված էին տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, քանի որ ուժեղ ցավեր ուներ: Իրենք էլ գիտեն, որ Սողոմոն Քոչարյանն այդ վիճակով չի կարողանալու վերադառնալ ՔԿՀ, բայց դե ինչ են հետաձգում, չեմ հասկանում»,-ասաց Գրիշա Բալասանյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2015թ. օգոստոսի 20-ին «Էրեբունի» ԲԿ-ից Սողոմոն Քոչարյանի մորը տրամադրվել է որդու ախտորոշումը: Ըստ այդմ, 20 տարի անազատության մեջ գտնվող, պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա է պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:
Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից:




























