Չինաստանը կարեւորում է ՀՀ-ի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների խորացումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի համաչինական կոմիտեի արտաքին կապերի կոմիտեի փոխնախագահ Վան Շենհունը:
Վարչապետը ողջունել է Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի պատվիրակության այցը մեր երկիր եւ վստահություն հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի ոչ միայն Հայաստանի Հանրային խորհրդի հետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը, այլեւ հայ-չինական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Չինաստանի հետ տնտեսական փոխգործակցության զարգացումը եւ համատեղ նոր նախագծերի մշակումն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացումը:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ջերմ ընդունելության համար՝ Վան Շենհունը նշել է, որ Չինաստանը կարեւորում է Հայաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների խորացումը եւ ամրապնդումը: Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի փոխնախագահի խոսքով՝ իրենց այցի նպատակներից մեկն էլ այդ ուղղությամբ նոր քայլերի իրականացմանը նպաստելն է:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ Հանրային խորհրդի եւ ՉՏՍԽ-ի միջեւ համագործակցության սերտացմանը, նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը, ինչպես նաեւ հայ-չինական կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի:
.jpg)
.jpg)




























