Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչները չեն կարողանում իրացնել վարունգի բերքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանը: Նրա խոսքով՝ առատաշենցիները վարունգի առատ բերք են ստացել, չեն կարողանում այն իրացնել և այդ պատճառով բերքի որոշ մասը թափում են:
«Վարունգի գինն իջել է, 1 կիլոգրամ վարունգը 30-40 դրամով են ուզում, որն անգամ վարունգը քաղաք տեղափոխելու ծախսը չի հանում: Վարունգը 2 օր մնալուց հետո փչանում է և գյուղացիներն արդեն մեծ քանակի վարունգ են ստիպված եղել թափել»,-ասաց գյուղապետը:
Նա նշեց, որ առատաշենցիները վարունգը հիմնականում Արմավիրում են հանձնում, սակայն այս տարի բերքի ամբողջ ծավալը չեն հանձնել՝ պայմանավորված վարունգի ցածր գնով և թանկ ճանապարհածախսով: Վերամշակող ընկերությունները հրաժարվում են վարունգի ողջ բերքն ընդունել՝ պատճառաբանելով, թե նախապես կնքված պայմանագրեր ունեն և ընդունում են սահմանափակ քանակով վարունգ:




























