ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է բանկոմատից այլ քաղաքացու գումարը հափշտակած անձի ինքնությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ  2015 թվականի ապրիլի 8-ին քաղաքացին իր բանկային քարտով փորձել էր գումար կանխիկացնել բանկոմատից: Կարծելով, որ գործարքը չի կատարվել՝ քաղաքացին, վերցնելով քարտը, հեռացել էր, իսկ հետագայում պարզել, որ հաշվեհամարում առկա է  պակասորդ:

Քաղաքացու դիմումի հիման վրա ուսումնասիրելով տվյալ բանկոմատն սպասարկող սարքի տեսագրությունը՝ պարզվել էր, որ  նրա հեռանալուց  անմիջապես հետո մի կին երիտասարդ աղջկա հետ մոտեցել եւ բանկոմատից վերցրել է քաղաքացու գումարը։

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն տարածեց բանկոմատն սպասարկող սարքի տեսագրությունից ստացված լուսանկարները՝ տվյալ կնոջ ինքնությունը պարզելու նպատակով։

Հաղորդագրության տարածումից հետո կինն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ցուցմունք տվել դեպքի շուրջ, ընդունել մեղքն ու վերականգնել տուժողին պատճառված վնասը։