Անհնարին է լիարժեք ապահովել, որ գյուղերի ուղղությամբ մեկ կրակոց անգամ չլինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր սահմանային իրավիճակը, սահմանային գիծը, դիրքերի դասավորվածությունն այնպիսինն է, որ լիարժեք ապահովել, որ գյուղերի ուղղությամբ մեկ կրակոց անգամ չլինի, անհնարին է»,- ասաց Պնախարարը՝ հավելելով, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցներ մերթընդմերթ լինում են:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ հենց դրա համար էլ Զինված ուժերը համապատասխան պլաններ եւ սխեմաներ են կազմում՝ լարվածության դեպքում զսպման իրավիճակ ստեղծելու համար:
Հիշեցնենք, որ հակառակորդը սեպտեմբերի սկզբին պարբերաբար գնդակոծում էր հայկական գյուղերը: Գյուղացիները նյութական մեծ վնասներ են կրել: Ստեղծվել է հանձնաժողով՝ վնասները հաշվարկելու եւ բնակիչներին փոխհատուցելու համար:




























