Սեպտեմբերի 21-ը ոչ բոլոր հայերի համար է տոն, քանի որ զբաղված են օրվա հացի խնդիրը լուծելով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Ես չեմ կարծում, որ օրացույցային հատուկ մի օր պետք է խոսենք ձեռքբերումների եւ բացթողումների մասին, որովհետեւ ինձ համար ամենաանընդունելին այն է, որ անկախության օրը մենք հիշենք՝ որպես օրացույցային մի օր: Սա այն օրն է, որը պետք է լինի տոն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի չպետք է զգա անտեսված, օտարված իր երկրից, իր հայրենիքից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա կարծիքով՝ ՝այսօր մեծ անելիք ունեն քաղաքական գործիչները, որոնց ժողովուրդը վստահել է՝ ամուր պահելու ձեռք բերված անկախությունը, երկիրը դարձնելու բարեկեցիկ եւ խաղաղ, լուծելու Ղարաբաղյան հարցը:
«Ունե՞նք այսօր այնպիսի պետություն, որտեղ քաղաքացին ասում է՝ ապրում ենք արդար, արժանապատիվ եւ բարեկեցիկ պետությունում: Կասկածում եմ, որ Հայաստան Հանրապետության բոլոր քաղաքացիները կարող են միաբերան այո ասել: Մենք՝ կուսակցությունների ղեկավարները, պատգամավորները, նախարարները, պաշտոնյաները պետք է անեն հնարավորը, որ սեպտեմբերի 21-ը տոն դառնա»,- ավելացրեց ԲՀԿ նախագահը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը: Ուղիղ 24 տարի առաջ համաժողովրդական հանրաքվեի ժամանակ Հայաստանի քաղաքացիների շուրջ 94 տոկոսը կողմ է քվեարկել Հայաստանի անկախությանը:




























