Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ Հայաստանում չլինելն անկախության նկատմամբ ամենամեծ ոտնձգությունն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որը 1990թ. օգոստոսի 23-ին կարդացել է Անկախության հռչակագիրը:

«Անկախության ամենամեծ կորուստը ժողովրդի կորուստն է: Հիմա մենք կարող էինք լինել 5 մլն: 1990թ. քվեարկել է 2 մլն մարդ, եթե նորմալ զարգանայինք, ապա այսօր կլինեինք 5 մլն, այնինչ պակասում ենք: Անկախության պահողը մարդն է, հոծ զանգվածները, որոնք պատրաստ են անկախութայն համար պայքարել: Մինչդեռ մենք գրագետ, պայքարող քաղաքացուն քշել ենք Հայաստանից: Այս իշխանությունները նպատակավորված ՀՀ քաղաքացուն հանում են Հայաստանից»,- ասաց Արամ Մանուկյանը:

Անդրադառնալով ձեռքբերումներին՝ ՀԱԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ բոլոր անհրաժեշտ ինստիտուտները կայացել են՝ անկախ այն բանից՝ իշխանությունը լավն է, թե ոչ. անձնագիր, գերբ, դրամ, սահման, հարկային եւ մաքսային մարմիններ, բանակ, կուսակցություններ հասարակական կազմակերպություններ:

«Սրանք բոլորը անկախության ծնունդ են»,- հավելեց Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը: Ուղիղ 24 տարի առաջ համաժողովրդական հանրաքվեի ժամանակ Հայաստանի քաղաքացիների շուրջ 94 տոկոսը կողմ է քվեարկել Հայաստանի անկախությանը: