Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական Արմինե Կարապետյանը մեղադրվում է ամբաստանյալի ընտանիքից կաշառք պահանջելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմինե Կարապետյանը նույն դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Ե.-ի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակը նշանակելու համար դատավորին կաշառք տալու պատրվակով` խաբեությամբ ամբաստանյալի մորից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար: Սակայն ամբաստանյալի մայրը գումարը չի տվել: Արմինե Կարապետյանը փորձել է խաբեությամբ եղանակով նրանից հափշտակել 619 հազար 935 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Արմինե Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատավորը Վլադիմիր Գրիգորյանն է:




























