«Հայազն» կուսակցության կազմակերպած «Ինքիշխանության երթից» հետո այսօր՝ սեպտեմբերի 21-ին Աբովյան 2/5 հասցեում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկողները ներկայացել են որպես հատուկ ծառայության աշխատակիցներ: Այս մասին NEWS.am-ին ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը՝ նշելով, որ դա իրեն պատմել է դեպքին ականատեսներից մեկը:

Արմեն Մկրտչյանը նշեց, որ ականատես տղամարդը իրեն պատմել է, որ ծեծողներն իրենց ասածը հաստատելու համար վկայական են ցույց տվել ազատամարտիկին:

Ավելի վաղ «Հայազն» կուսակցությունն ահազանգել էր, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Ինքնիշխանության երթից» հետո երեք անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում։ Ազատամարտիկին տեղափոխել են հիվանդանոց:

Նշենք, որ Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ այսօր հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել: