Դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության կազմակերպած «Ինքիշխանության երթից» հետո այսօր՝ սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի վիճակը միջին ծանրության է: Այս մասին լրագորղներին ասաց Երեւանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկ, ռեանիմատոլոգ Վարդան Հարությունյանը:
«Առկա է գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, կրծքավանդակի փակ վնասվածք, 8-րդ ողի վնասվածք, այս պահին կրծքավանդակը դրենավորվում է»,- ասաց բժիշկը:
Սմբատ Հակոբյանն այսօր կմնա բժիշկների հսկողության տակ, վաղը կորոշվի՝ տեղափոխել նրան հիվանդանսենյակ, թե դուրս գրել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հիվանդանոցում են ազատամարտիկի հարազատները, ընկերները, իրավապահներ: Ծեծվածի հարազատները հրաժարվել են որեւէ մեկնաբանություն տալ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում։
Նշենք, որ Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ այսօր հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:





























