ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Հայաստանի Անկախության տոնի առիթով հայերին հայերեն է շնորհավորել: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի Վաշինգտոնի թղթակիցը:
«Այսօր ես միանում եմ իմ ամերիկահայ հայրենակիցներին եւ ամբողջ աշխարհով սփռված վառ հայ համայնքին եւ բացականչում «Ուրախ Անկախության օր»՝ Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առիթով»,- նշված է կոնգրեսականի շնորհավորական ուղերձում:
Ադամ Շիֆն ընդգծել է, որ չնայած անկախության ուղին դյուրին չի եղել, հայ ժողովուրդը «կարողացել է հաղթահարել օտարի լուծը, սպառնալիքները եւ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:
«Անկասկած, հայ համայնքը մեր հանրության անգնահատելի տարրն է, այն մեզ համար նոր հորիզոններ է բացում սոցիալական, քաղաքական եւ տնտեսական տեսանկյունից, հարստացնում է մեր ավանդույթներն ու կյանքի որակը: Այս կարեւոր օրը շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին, Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի հայերին»,- նշել է Ադամ Շիֆը:




























