Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է սեպտեմբերի 19-22-ը Հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում տեղի ունեցող «World Routes 2015» համաժողովին:
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հայկական պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը եւ Հայաստանի ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Համաժողովի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականության եւ Հայաստանի զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը եւ արդյունքները, ինչպես նաեւ միջազգային զբոսաշրջային շուկաներին Հայաստանի ինտեգրման ընթացքը եւ հեռանկարները:
««World Routes 2015» համաժողովը լավ առիթ է ծանոթացնելու աշխարհի առաջատար եւ հաջողակ ավիաընկերությունների ու զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներին մեր երկրում իրականացվող «Բաց երկնքի» քաղաքականության հնարավորություններին եւ նրանց հետ քննարկելու դեպի Հայաստան ավելի շատ ավիափոխադրողներ ներգրավելու ուղիները:
Համաժողովին հայկական պատվիրակության մասնակցության նպատակներից է նաեւ աշխատանքներ իրականացնել դեպի Հայաստան ներդրումներ եւ նոր ավիափոխադրողներ ներգրավելու ուղղությամբ: Նախատեսվում են բանակցություններ շուրջ երկու տասնյակ ավիաընկերությունների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն հայաստանյան շուկա վերջիններիս մուտք գործելու ձեւաչափերը եւ գործիքակազմը:
«World Routes» համաժողովը, որն անցկացվում է 21-րդ անգամ, համախմբում է համաշխարհային ավիացիոն եւ զբոսաշրջային ներուժը` միեւնույն ժամանակ հանդիսանալով նոր ավիափոխադրումների խթանման եւ ավիացիոն ծառայությունների զարգացման արդյունավետ հարթակ:
Այս տարի միջոցառմանը մասնակցում են շուրջ 250 ավիաընկերություններ, 650 օդանավակայանների ներկայացուցիչներ, ավիացիայի ոլորտի 2500 մասնագետներ եւ 170 զբոսաշրջային իշխանությունների ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 100 երկրներից:




























