Դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության կազմակերպած «Ինքիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի վիճակը բավարար է, նա այսօր Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի Կրծքային վիրաբուժության բաժանմունք: Այս մասին NEWS.am-ին ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը:
Նշենք, որ ծեծի ենթարկված ազատամարտիկի մոտ առկա է գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, կրծքավանդակի փակ վնասվածք, 8-րդ ողի վնասվածք, կրծքավանդակը դրենավորվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում:
Նշենք, որ Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ այսօր հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:
Դեպքի առնչությամբ Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նյութերը դեռ չեն ուղարկվել Հատուկ Քննչական կոմիտե:




























