Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում երեկ՝ սեպտեմբերի 21-ին, հիվանդներից մեկը ծեծել է կենտրոնի բժիշկ Արթուր Պատվականյանին եւ օգնության հասած ոստիկանին՝ փորձելով խլել նրան ամրակցված զենքը:
NEWS.am-ին բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երեկ առավոտյան իրենց մոտ դեղորայքային թունավորմամբ ընդունված տղամարդն արթնանալուն պես հարձակվել է բուժաշխատողների վրա, բռնություն կիրառել Արթուր Պատվականյանի նկատմամբ:
«Բարեբախտաբար, բժիշկը որեւէ վնասվածք չի ստացել, ավելի շուտ բարոյական վնասներ է կրել: Դեպքով այժմ զբաղվում են իրավապահ մարմինները»,- հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ից:
Ըստ Shamshyan.com-ի՝ հիվանդը ձեռքին եղած մետաղյա ձողով հարձակվել է նաեւ ոստիկանի վրա՝ նրան նույնպես պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ոստիկանը գետնին ընկած է եղել, երբ նա փորձել է ոստիկանից խլել նրան ամրակցված հաշվեցուցակային զենքը, սակայն ոստիկանը կարողացել է կանխել այն, որից հետո նախազգուշական կրակոց է արձակել: Ոստիկանը կրակոցով մարմնական վնասվածք է պատճառել հիվանդ Դանիել Թովմասյանին:
Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ հիվանդի վիճակը բավարար է, վտանգավոր ոչինչ չկա:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանը, Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:





























