Արցախում խաղողի ընդունման հետ կապված առ այսօր խնդիրներ չեն ծագել: Այս մասին, սեպտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նշել է «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Կառլեն Պետրոսյանը:
Վարչապետը եղել է նաեւ «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲ ընկերության Մարտունու տեղամասում, որտեղ ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին: Կառլեն Պետրոսյանի խոսքով, գործարանն ամեն օր շարունակում է մթերում իրականացնել՝ ինչպես խոշոր, այնպես էլ փոքր մենատնտեսներից: Նա նշել է, որ կառավարության հետ նախապես ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ մինչեւ տարեվերջ մթերված խաղողի դիմաց կմարվեն բոլոր պարտքերը՝ վճարելով նախ փոքր, ապա եւ՝ խոշոր մենատնտեսներին:
Այցի ընթացքում վարչապետ Հարությունյանին ուղեկցել են Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, պաշտոնատար այլ անձինք:





























