Պաշտոնական տվյալներից դատելով՝ հայրենական արդյունաբերությունը «ծաղկում» է ապրում: Այսպես, օգոստոսի նախնական տվյալներով, արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալների աճը մոտեցել է երկնիշ թվի, տարեկան կտրվածքով՝ 9.7%-ի: Իհարկե, հունվար-օգոստոսի տվյալներով, այդ ցուցանիշը «համեստ» է՝ 4.4%: Սակայն ներկա պայմաններում այդ ցուցանիշը նույնպես ակնհայտորեն ձեռքբերում է:
Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների մոտ այդ ոլորտում գործերն ամենեւին էլ հուսադրող չեն: Ռուսաստանում արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալները կրճատվել են 3.2%-ով, Բելառուսում՝ 7.1%-ովմ Ղազախստանում՝ 0.6%-ով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունվար-հուլիսին, Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով աճել էր 4.1%-ով: Դրան հիմնականում նպաստել էր հանքարդյունաբերության զգալի աճը (35.3%-ով): Արդյունքում, արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում այդ ոլորտի մասնաբաժինն աճել է 1.9 տոկոսային կետով՝ հասնելով 7.4%-ի:
Հայտնի է, որ մետաղական հանքանյութը գրեթե ամբողջությամբ արտահանվում է երրորդ երկրներ (ինչպես հանքանյութի տեսքով, այնպես էլ առաջնային մշակումից հետո): Այսպես, ընթացիկ տարվա հունվար-հուլիսի տվյալներով, հանքանյութի արտահանման մեջ ԱՊՀ երկրների մասնաբաժինը (այդ թվում՝ ԵՏՄ պետությունների) կազմել է խորհրդանշական 0.1%: Ընդ որում, այս ցուցանիշը կարելի է առաջընթաց համարել, քանի որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ԱՊՀ երկրների մետաղական հանքանյութի արտահանում ընդհանրապես չի իրականացվել:
Միաժամանակ, արտաքին առեւտրի դինամիկան ամսական կտրվածքով զգալիորեն անկայուն է բնութագրվում: Հունվար-օգոստոսին ապրանքների արտահանումն աճել է խորհրդանշական մեծությամբ՝ 0.5%-ով, իսկ ներկրումը կրճատվել է 26.3%-ով, այսինքն՝ ավելի քան մեկ քառորդով:
Հայտնի է, որ արտահանվող ապրանքների զգալի մասը կազմում են մետաղներն ու մետաղական խտանյութը, ինչպես նաեւ կոնյակը: Հայկական կոնյակը, որի հիմնական մասն արտահանվում է Ռուսաստան, արտահանման խոշորագույն ծավալներով ապրանքների առաջին եռյակում է:




























