Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմում գտնվող 2 քուրդ նախարարները հրաժարական տալուց ժամեր անց կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել են, որ այդ քային են գնացել, քանի որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը խորացնում է քրդերի դեմ պատերազմը։

Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ 2 նախարարներ Ալի Հայդար Քոնջան եւ Մուսլում Դողանը մամուլի ասուլիսի ժամանակ խիստ քննադատության են ենթարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարած քաղաքականությունը քրդական եւ ներքաղաքական հարցերում։

«Պատերազմ սկսած կուսակցությունը հենց «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն է։ Նրանց դիմակը արդեն պատռվել է։  Մենք հրաժարական ենք տալիս այն կառավարությունից, որը քանդում է մզկիթները, ալեւիների սրբատեղիները, երեխաների սպանությունները օրինականացնում եւ սնվում պատերազմից»,-ասել է ԵՄ հարցերով արդեն նախկին նախարար Ալի Հայդար Քոնջան։

Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունենալիք արտահերթ ընտրություններից առաջ կազմավորված ժամանակավոր կառավարության կազմում ընդգրկվել էին 2 քուրդ նախարարներ։